Armenien-Fonds Hayastan-Fonds e.V.
 
Gemeinnütziger Verein

Նվիրատվության կոչ. Օգնություն Արցախից բռնի տեղահանված հայ փախստականներին


JETZT SPENDEN: Nothilfe für die armenischen Flüchtlinge aus Bergkarabach


Հարգելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուներ և ընկերներ,

Մարդկային մեծ ողբերգություն է ծավալվել ողջ աշխարհի աչքի առաջ։ Արցախահայությունը ստիպված լքել է իր պապենական հողը, որպեսզի խուսափի ադրբեջանական տիրապետության տակ ապրելուց։ Մեքենաների անվերջանալի հոսքը «Լաչինի միջանցքով» հասել է Կոռնիձոր, Հայաստան։ Փախստականներից ժամեր, երբեմն նույնիսկ երկու-երեք օր են պահանջվել այս ծանրաբեռնված ճանապարհը հաղթահարելու համար: Նրանք, ովքեր նստել են ավտոբուս կամ խցկվել են բեռնատարների մեջ, ունեցել են միայն իրենց հագուստները և նվազագույնը, ինչ կարող էին տանել իրենց հետ: 

Մենք սերտ կապի մեջ ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի և տարբեր երկրներում նրա ցանցի հետ փախստականների ալիքի առաջին իսկ օրերից։ Իհարկե, այդ մարդիկ այս դժվարին ժամանակներում մեր միասնության կարիքն ունեն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցը վերջերս սկսել է հրատապ օգնության ծրագրերը: Սույն տեղեկագրով ցանկանում ենք իրազեկել ձեզ ծրագրերի մասին։

Բայց մենք նպատակ ունենք աջակցել փախստականներին նաև երկարաժամկետ ծրագրերով, որպեսզի նրանց համար հնարավորինս արագ տեմպերով արժանապատիվ կյանք վարելու հնարավորություն ստեղծենք հայրենիքում:

Միացե՛ք մեր ծրագրերին, աջակցե՛ք մեր եղբայրներին և քույրերին մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացին, որովհետև միայն միասին կարող ենք հաղթահարել այս աղետը։

Հարգանքներով՝
Ձեր վարչություն


Հրատապ օգնության միջոցառումներ Արցախից բռնի տեղահանված փախստականների համար


Արցախի փախստականների հրատապ կարիքները թեթևացնելու նպատակով Ֆրանսիայի հայկական հիմնադրամը Սյունիքում իրականացրել է հետևյալ լոկալ միջոցառումները.

1) Ջրի, սենդվիչների և մրգերի տրամադրում: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով փախստականների մեծ մասը տառապում է թերսնումից։
2) Վառելիքի կամ վառելիքի կտրոնների բաշխում, որպեսզի ցանկացողներին հնարավորություն ընձեռվի շարունակել իրենց ճանապարհը, քանի որ շրջափակման պատճառով շատերի վառելիքը բավարարում էր մինչև Հայաստանի սահմանը:
3) 2,5 տոննա "Տավուշ" տեսակի պանրի առաքում Լուսաձորի տնտեսությունից: Բեռը հասել է Կոռնիձոր և բաժանվել այնտեղ գտնվող փախստականներին։


40 տոննա օգնություն Արցախի մեր հայրենակիցներին

2023թ. հոկտեմբերի սկզբին «Հայաստան» համահայկական հիմնադրամը առաջին անհրաժեշտության պարագաներ է բաժանել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Առաջնային անհրաժեշտության այս օգնությունը կազմել է 40 տոննա։ Դա իրականացվել է ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Բաշխված սննդամթերքը բաղկացած է էներգիայով հարուստ մթերքներից՝ բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար, ձեթ, կարտոֆիլ, շաքարավազ, թեյ, սուրճ և այլն։ Այն նաև ներառում է տաք հագուստ (որովհետև մոտենում է ձմեռը), կենցաղային իրեր, երեխաների սնունդ և հիգիենայի պարագաներ։ Ծրագրից արդեն օգտվել է գրեթե 1000 ընտանիք՝ հիմնականում բազմազավակ և հաշմանդամություն ունեցող ընտանիքներ: Օգնությունը բաշխվել է Մարտունու տարածքում, Վարդենիսում և Ճամբարակում (Գեղարքունիքի մարզ) 340 ընտանիքի, Գորիսում՝ (Սյունիք) 320, Արարատյան դաշտում՝ 220 և Եղեգնաձորում՝ (Վայոց Ձոր) 100 ընտանիքի։ Հետագա օգնության ծրագրեր ևս պլանավորվում են: